ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է իսրայելական բանակի երեք դիրքերի գնդակոծության պատասխանատվությունը:
Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի օրը ավելի վաղ հայտարարել էր Լիբանանի շրջաններից մեկի ուղղությամբ հարվածների մասին` ի պատասխան գնդակոծության: Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը նշում է, որ հարվածների է ենթարկվել Լիբանանի հարավում գտնվող Քֆար-Շուբա գյուղը:
«Պաղեստինի դիմադրության ուժերի հետ համերաշխությունից ելնելով՝ մեր մի խումբ մարտիկներ այսօր առավոտյան հարձակվել են սիոնիստների բանակի երեք դիրքերի վրա լիբանանյան օկուպացված Շեբաա ֆերմաների մոտ»,- ասված է «Հեզբոլլահի» հայտարարության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստին։
Հարվածները հասցվել են մեծ քանակությամբ հրթիռներով ու արկերով, այդ թվում՝ իսրայելական բանակի ռադիոլոկացիոն կայանի ուղղությամբ, «ուղիղ խոցում է» եղել, նշել է շարժումը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 256-ի, ևս 1788 մարդ տուժել է:
Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։