ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին նախագահ Յոզեֆ Բլատերն անհեթեթ է անվանել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մասը երեք մայրցամաքների վեց երկրներում անցկացնելու որոշումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հայտարարել էր, որ 2030 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի երեք մայրցամաքներում՝ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Աֆրիկայում: Մրցաշարի հանդիպումներն առաջին անգամ կհյուրընկալեն 6 երկիր՝ Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը, Մարոկկոն, Իսպանիան և Պորտուգալիան: Միջոցառումը նվիրված է աշխարհի առաջնության հարյուրամյակին, որն առաջին անգամ անցկացվել է Ուրուգվայում 1930 թվականին:
«Մրցաշարն այս կերպ կիսելը անհեթեթություն է։ Աշխարհի առաջնության եզրափակիչ մասը պետք է կոմպակտ միջոցառում լինի, դա կարևոր է դրա կազմակերպման և հանդիսատեսի համար: Բացի այդ, պատմական պատճառներով, 2030 թվականի մրցաշարը պետք է անցկացվեր բացառապես Հարավային Ամերիկայում»,- SonntagsBlick թերթին տված հարցազրույցում ասել է 87-ամյա Բլատերը, որը գլխավորել է ՖԻՖԱ-ն 1998-2016 թվականներին։
Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն 2015-ի աշնանը գործ էր հարուցել այն ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բլատերի դեմ ֆինանսական մեքենայությունների կասկածանքով: Բլատերը ժամանակավորապես հեռացվել էր աշխատանքից, իսկ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը նրան որակազրկել էր 8 տարով: ՖԻՖԱ-ի Բողոքարկման կոմիտեն 2016 թվականի փետրվարի 24-ին ժամկետը կրճատել էր մինչև 6 տարի: