ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապացուցում է, որ ապրելակերպն ու պրոֆեսիոնալիզմը միայն երկարացնում են մարզական կարիերան: «Sportitalia» պարբերականի հետ զրույցում այս մասին ասել է ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտան։
«Նա անում է այն, ինչ պետք է անի։ Տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում։ Նրա խաղը տպավորիչ է։ Նա շարունակում է զարգանալ, թեև 34 տարեկան է»,– ասել է գործակալը։
Նա «Ինտերի» հետ պայմանագրի երկարաձգման մասին չի խոսել, ապագա ծրագրերի մասին հորդորել է հարցնել հենց Մխիթարյանին, բայց հավելել է, որ նա, ամենայն հավանականությամբ, երջանիկ է «Ինտերում»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ռոմայից» «Ինտեր» է տեղափոխվել նախորդ տարվա հուլիսին:
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 9 խաղ, որոնցում աչքի է ընկել երկու գոլով և մեկ արդյունավետ փոխանցումով:
Միլանյան ակումբի կազմում Մխիթարյանը նվաճել է Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը վավեր է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը: