ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահները ևս մեկ դիտակետ են ապամոնտաժել Ասկերանի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը հոկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ խաղաղապահներն ապամոնտաժել են իրենց դիտակետերը Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում։
Ըստ հաղորդագրության` մարտական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո ավարտվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, ռազմական տեխնիկայի, հրաձգային զենքի և զինամթերքի հաշվարկը:
Հանձնվել է 92 միավոր զրահատեխնիկա, 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 124 միավոր ՀՕՊ միջոցներ, 112 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետներ, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 66,1 մլն զինամթերք:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։