ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուզբեկստանի ու Ղազախստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոևը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ազդարարել են Ղազախստանի տարածքով դեպի Ուզբեկստան ռուսական գազի մատակարարման մեկնարկը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եռակի գազային միության» ստեղծումը Պուտինն ու Տոկաևը քննարկել էին անցյալ տարվա նոյեմբերին։ Ուզբեկստանի մասնակցությունը հարկավոր էր հանրապետությունների տարածքներով ռուսական գազի փոխադրման գործողությունները համակարգելու համար։
«Գազպրոմը» հայտնել է, որ Ղազախստանի տարածքով ռուսական գազի արտահանումը Ուզբեկստան նախատեսվում է սկսել 2023 թվականի չորրորդ եռամսյակում։ Համապատասխան պայմանագիրը հունիսին ստորագրել են «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Ուզբեկստանի էներգետիկայի նախարար Ժուրաբեկ Միրզամահմուդովը:
Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հանրապետությունը գազի գնման պայմանագիր է կնքել երկու տարով, մատակարարումները նախատեսում են սկսել հոկտեմբերի 1-ից, գնումների ծավալը կկազմի օրական 9 միլիոն խորանարդ մետր՝ տարեկան մոտ 2,8 միլիարդ խորանարդ մետր: Ռուսական գազը Ուզբեկստան կմատակարարվի Ղազախստանի տարածքով «Միջին Ասիա–Կենտրոն» գազատարների համակարգով։