ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Պղնձի համաշխարհային գները նվազել են՝ հասնելով վերջին մի քանի ամիսների ամենացածր մակարդակին: Լոնդոնի LME բորսայի տվյալներով՝ եթե հունվարից մինչև ապրիլի կեսը պղնձի տոննան արժեր ավելի քան 9 հազար դոլար, ապա այժմ՝ 7 900 դոլարից պակաս։
Պատճառներից մեկը ԱՄՆ տնտեսության ամրապնդման ցուցանիշներն են, որոնք բարձրացնում են դոլարի փոխարժեքը։ Որքան բարձր է այն, այնքան ցածր է բորսայական ապրանքների պահանջարկը (այս դեպքում՝ պղնձի), քանի որ այն գնելու համար ամբողջ աշխարհում ընկերությունները ստիպված են իրենց արժույթները դոլարի փոխարկել ավելի վատ փոխարժեքով, այսինքն՝ փաստացի ապրանքը նրանց վրա ավելի թանկ է նստում։
Սեպտեմբերի արդյունքներով՝ ԱՄՆ-ում բացվել է 336 հազար նոր աշխատատեղ (սպասվածից մոտ երկու անգամ շատ)։ Սա ամրապնդել է այն սպասումները, որ ԱՄՆ-ում առանցքային տոկոսադրույքը (պարզ ասած՝ փողի արժեքը) երկար ժամանակ բարձր կմնա (գնաճի ռիսկերը զսպելու համար): Այս դեպքում դոլարի փոխարժեքը կարող է բարձր մնալ (քանի որ դոլարային արժեթղթերի տոկոսները ավելի բարձր կլինեն), իսկ «ամուր» դոլարը, ինչպես նշեցինք, նվազեցնում է պղնձի պահանջարկը։
Շուկայում աճել են նաև պղնձի պաշարները։ Երկու պատճառ կա, առաջինը պահանջարկի նվազումն է, երկրորդը` այն, որ Չինաստանում ազգային տոների պատճառով ձեռնարկությունները փակ են մինչև ամսի 8-ը։
Հիշեցնենք, որ պղնձի խտանյութը (մշակված հանքաքար, մաքուր պղնձի կիսաֆաբրիկատ) Հայաստանի խոշորագույն արտահանվող ապրանքն է. 2022 թվականին դրան բաժին է ընկել երկրի արտահանման հասույթի 12%-ից մի փոքր ավելին (շուրջ 660 մլն դոլար)։