ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով (այսօր լրանում է Պուտինի 71-ամյակը)։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։