Միշելն Ալիևի հետ քննարկել է Բրյուսելում նախատեսվող հանդիպումն ու ԼՂ հայերի իրավունքները

Իլհամ Ալիևը, Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը
Ալիևն ասել է, թե ինչու չի գնացել Գրանադայի հանդիպմանը։ Նա նաև խոսել է անկլավների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ հանդիպման նախապատրաստման շրջանակում զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա այդ մասին հայտնել է X–ի միկրոբլոգում:
«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման նախապատրաստման շրջանակում հեռախոսազրույց եմ ունեցել Ալիևի հետ։ Հայտնել եմ ԵՄ հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Վերահաստատել եմ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանազատման գործում առաջ շարժվելու անհրաժեշտությունը»,- գրել է Միշելը։
Նա հավելել է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է նաև Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ երկարաժամկետ հեռանկարում:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Ալիևը Միշելի հետ զրույցում ասել է, որ Գրանադայի հանդիպմանը չի գնացել Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով։

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։

Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։

Ալիևը նաև նշել է, որ ութ անկլավ կա, որոնք, ըստ նրա, օկուպացված են Հայաստանի կողմից, և դրանք պետք է ազատագրել։
Հիշեցնենք, որ Գրանադայի հանդիպումից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեակավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց` Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Ըստ նրա` անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: