ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունը 97 մլն դոլար է խնդրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար: Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ–ի կայքում։
Նշվում է, որ օգնությունն անհրաժեշտ է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողություններին աջակցելու համար։
Ֆինանսավորման կոչն արվել է ՄԱԿ-ի այլ հաստատությունների և շուրջ 60 գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ։
Կազմվել է Հայաստանում փախստականների հետ կապված իրավիճակին հրատապ արձագանքելու 6-ամսյա պլան՝ մինչև 2024 թվականի մարտի ավարտը։ Այն նախատեսված է 231 հազար մարդու համար` 136 000 փախստական և ՀՀ 95 000 բնակիչ, որոնք աջակցում են փախստականներին, ընդունում իրենց տներում։
Ծրագրում հաշվի են առնվել նաև մոտալուտ ձմռան դժվարությունները։
Հայտարարությունում առաջարկվում է աջակցություն ցուցաբերել սննդի և բնակարանների ապահովման, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտներում: Առաջարկվում է նաև փախստականների համար կատարելագործել պետական ծառայությունների մատուցումը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։