ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտում է «Համասի» հարձակումը Իսրայելի վրա: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարն ամենավճռական կերպով դատապարտում է այսօր առավոտյան «Համասի» հարձակումը իսրայելական քաղաքների վրա` Գազայի հատվածի մերձակայքում և Իսրայելի կենտրոնական հատվածում, այդ թվում` իսրայելական բնակավայրերի հրթիռակոծությունը», - նշել է Դյուժարիկը:
Այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։ Նա հրահանգել է պահեստազորայինների զորահավաք իրականացնել: