ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերադարձրել է Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող հարավային բնակավայրերի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Haaretz»–ին։
«Իսրայելցի զինվորականների ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակը վերականգնել է վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բնակավայրերի մեծ մասի նկատմամբ, որտեղ ներխուժել էին «Համասի» և «Իսլամական ջիհադի» զինյալները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերահսկողության տակ վերադարձված բնակավայրերի թվում են Սդերոտը, Սոֆան, Նիրիմը, Նիր Օզը և շուրջ 10 այլ բնակավայրեր:
Հիշեցնենք` այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։