ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Jerusalem Post»–ին։
«Զոհերի թիվը գերազանցել է 200-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով առողջապահության նախարարությանը, հայտնել էին, որ առնվազն 100 մարդ է զոհվել Իսրայելում էսկալացիայի հետևանքով, տուժածների թիվը գերազանցել է 900-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով`Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 198-ի, տուժել է ավելի քան 1,6 հազար պաղեստինցի:
Հիշեցնենք` այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։