Իսրայելի ազգային անվտանգության նախարարն արտակարգ դրություն է հայտարարել երկրում

Իսրայել
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յոավ Գալանտը պահեստազորայինների զանգվածային հավաք էր հայտարարել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը երկրի տարածքում արտակարգ դրություն է հայտարարել: Տեղեկությունը հայտնում է «Haaretz» թերթը։
Այսօր առավոտյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին՝ հերթական լոկալ պատերազմը սանձազերծելով Իսրայելի դեմ: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ կորցրել է 7 շրջանի նկատմամբ վերահսկողությունը։
Իսրայելն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկի և պահեստազորայինների շտապ հավաքագրման մասին: Երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկրի դեմ պատերազմի է դուրս եկել «Համաս» շարժումը։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է պաշտպանության նախարարության շտաբ՝ ուժային հրամանատարության հետ խորհրդակցության:
Հարավային և կենտրոնական շրջանների քաղաքացիական բնակչությանը հրահանգվել է գտնվել ապաստարանների մոտ, իսկ Գազայի հատվածին հարող տարածքի բնակիչներին ՝ ապաստարանների ներսում: