ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված զանգվածային հրթիռակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ավելի քան 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տեղեկությունը հայտնում է «The Times of Israel»–ը։
Ըստ լրատվամիջոցի` 118 իսրայելցիներ տեղափոխվել են երկրի հարավում և կենտրոնում գտնվող հիվանդանոցներ։ Նշվում է, որ 20 րոպեում Իսրայելի ուղղությամբ ավելի քան 5000 հրթիռ է արձակվել։
ԶԼՄ-ների տվյալներով՝ «Համաս» շարժումը հայտարարել է, որ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է իրականացնում, որի նպատակը պաղեստինյան պետության ստեղծումն է: Իսրայելն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկի և պահեստազորայինների շտապ հավաքագրման մասին: Երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկրի դեմ պատերազմի է դուրս եկել «Համաս» շարժումը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել էր պատերազմի պատրաստության ռեժիմի մասին: