Գազի բալոնները Վանաձորից արտահանվում են Ռուսաստան, Հարավային Աֆրիկա և․․․ երկինք

Հայաստանում արտադրվող կոմպոզիտային նյութերից պատրաստված բալոնները գրեթե ամբողջությամբ արտահանվում են։ ԵԱՏՄ սերտիֆիկատը թույլ է տալիս տեղափոխել ոչ միայն Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ, այլև ԲՐԻԿՍ-ի տարածք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հեղուկ գազի կոմպոզիտային բալոնները, որոնք արտադրվում են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, արտահանվում են Հարավային Աֆրիկա։ RSV Group ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Ազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ռուսական շուկայում ընկերությունը ԵԱՏՄ որակի սերտիֆիկատ է ստացել, որը ճանաչվում է ԲՐԻԿՍ–ի երկրներում։
«Այդ պատճառով էլ Հարավային Աֆրիկան, որպես ԲՐԻԿՍ երկիր, ճանաչում է այդ հավաստագրերը, և այնտեղ կարելի է արտահանել առանց լրացուցիչ թույլտվության ընթացակարգերի», - հավելեց նա:
RSV-ի արտադրությունը բացվել է Վանաձորում մի քանի տարի առաջ, և արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է։ Բացի Հարավային Աֆրիկայից, բալոնները մատակարարվում են նաև աֆրիկյան այլ երկրներ, և, ի դեպ, Հայաստանը, Ասրյանի կարծիքով, նրանցից սովորելու շատ բան ունի սպառման մշակույթի առումով:
«Նրանց բալոնները կենցաղային են, իսկ մեզ մոտ՝ հիմնականում ավտոմոբիլային, բայց հարցը դա չէ. մեզ մոտ գրեթե ոչ մի մեքենայի սեփականատեր չի ստուգում բալոնների անվտանգությունը մասնագիտացված լաբորատորիաներում, և առայժմ ոչ ոք դա իսկապես չի էլ պահանջում։ Իսկ այնտեղ կենցաղային բենզալցակայանների խոշոր ցանցեր կան։ Բերում եք դատարկ բալոնը, ձեզ տալիս են մեկ ուրիշը` լիքը: Դատարկ բալոնը վերցնում են, ստուգում անվտանգությունը, հետո միայն նորից լիցքավորում»,-պատմում է Ասրյանը։
Փոքր ծավալներով արտահանում իրականացվել է նաև Արաբական Էմիրություններ, իսկ ավելի մեծ ծավալներով՝ Ռուսաստան և Միջին Ասիայի երկրներ` ներառյալ Ղազախստանն ու Ուզբեկստանը։ Թեև այնտեղ գազը արդյունահանվում է, բայց կան բնակավայրեր և տնային տնտեսություններ, որոնք օգտվում են բալոններից, ոչ թե կենտրոնացված գազամատակարարումից։
Օդային «հնաբնակների» դեմ. ինչպես հայ օդաչուն հաղթեց ու գավաթ նվաճեց Ռուսաստանում
«Հայաստանում, ցավոք, չկան համապատասխան լաբորատոր հզորություններ, որոնք թույլ կտային փորձարկել մեր արտադրանքը որակի առումով։ Հետևաբար, մենք սերտիֆիկացումը ստանում ենք Ռուսաստանում: Այնտեղ մենք դիստրիբյուտոր ունենք, որն ինքնուրույն է վարում վաճառքները թե՛ ՌԴ-ում, թե՛ երրորդ երկրներում»,-պարզաբանեց Ասրյանը։
Հեղուկ գազի կոմպոզիտային բալոններ
Բալոններն արտադրվում են կոմպոզիտային նյութերից, որոնք մատակարարվում են մի շարք երկրներից: Մետաղականի համեմատ դրանք ավելի երկար են ծառայում (մետաղականների համար անձնագրային ժամկետը 15 տարի է, կոմպոզիտայինների համար՝ առնվազն 20): Բացի այդ, դրանք մոտ երեք անգամ ավելի թեթև են, ինչն օգնում է դրանք «արտահանել» անսովոր ուղղությամբ՝ երկինք:
Այդ թվում նրանց քաշի շնորհիվ են հայ օդագնացները ռուս գործընկերների հետ օդապարիկով (ջերմային աերոստատով) թռիչքի տևողության նոր համաշխարհային ռեկորդ սահմանել։
«Քանի որ մեր բալոնները քաշի խնայողություն են ապահովում, օդապարիկի համար հնարավոր է ավելի շատ վառելիք վերցել։ Այդ պատճառով մինչ մենք բալոններ ենք պատրաստում, մեր տղաները կարող են հանգիստ ռեկորդներ խփել»,-ժպտում է Ասրյանը։
Կոմպոզիտային բալոնները (ոչ թե որևէ հստակ ընկերության, այլ առհասարակ) նաև անվտանգության տեսանկյունից ունեն առավելություն․ նախ, դրանք կարող են ավելի մեծ ճնշման դիմանալ (քանի որ, ի տարբերություն մետաղի, կոմպոզիտները «հոգնածության» և միկրոճաքերի հակված չեն), երկրորդ՝ նույնիսկ պայթյունի դեպքում դրանք բեկորների չեն վերածվում, պարզապես պատռվում են։
Այժմ ընկերություն ուզում է փորձել դուրս գալ եվրոպական շուկաներ և ցանկանում է ստանալ դրա համար պահանջվող սերտիֆիկացումը։
Արտադրության նմուշները ընկերությունը ներկայացրել է հոկտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվող «Panarmenian Expo» ցուցահանդեսում: