ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական միությունում օրգանական արտադրանքի արդյունաբերության զարգացման մասին համաձայնագիրը շուտով պատրաստ կլինի ստորագրման։ Տեղեկությունը հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը՝ ելույթ ունենալով «Ոսկե աշուն» ռուսական ագրոարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացված ոլորտային քննարկմանը:
ԵՏՀ-ն (ԵԱՏՄ գործադիր մարմին) մշակել է համաձայնագրի նախագիծ անդամ պետությունների լիազորված գերատեսչությունների հետ՝ Codex Alimentarius-ի ընդհանուր նպատակներին և պահանջներին համապատասխան։ Այժմ ավարտին է մոտենում համաձայնագրի տեքստի ներպետական համաձայնեցման փուլը։
Համաձայնագիրը ստորագրելով՝ երկրները կընդունեն օրգանական արտադրանքի արտադրության, սերտիֆիկացման և մակնշման, ինչպես նաև դրանց հաշվառման միասնական պահանջներ: Նման իրավական հիմքով organic արտադրանքը կկարողանա ազատ շրջանառվել ԵԱՏՄ տարածքում։
Ընդհանուր մոտեցումներ կմշակվեն ինչպես ԵԱՏՄ-ի ներսում արտադրության, այնպես էլ երրորդ երկրներից ներմուծվող արտադրանքի համար։
Միությունում մեծ ներուժ ունեցող օրգանական արդյունաբերության հետագա զարգացման համար անհրաժեշտ է ամրապնդել հավաստագրման մարմինների տեխնիկական հնարավորությունները և մասնագետների համար համատեղ դասընթացներ անցկացնել: ԵՏՀ-ն Միության երկրներին արդեն նման առաջարկ է ուղարկել։
Կառավարություններին և բիզնեսին օգնելու նպատակով ԵՏՀ փորձագետները օրգանական գյուղատնտեսության պետական աջակցության վերաբերյալ միջազգային փորձի ակնարկ են պատրաստել։ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ դրանում առաջարկված աջակցության մի շարք միջոցներ արդեն ներառված են օրգանական տնտեսության զարգացման ազգային ռազմավարություններում: