ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տարածքում մեծացել է նոր կայուն լոգիստիկ շղթաների ձևավորման և միջազգային երթուղիների արագացված զարգացման արդիականությունը։ Այս հայտարարությունն արել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Արզիբեկ Կոժոշևը Աստանայում «Ղազախական տրանսպորտային շաբաթվա» շրջանակում անցկացվող «New Silk Way» տրանսպորտային-լոգիստիկ VI գործարար համաժողովի ռազմավարական նստաշրջանի ընթացքում:
ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ տրանսպորտային ոլորտում նոր հնարավորություններ են բացվում Եվրասիական տնտեսական միության երկրների համագործակցության զարգացման համար ԱՊՀ գործընկերների՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև երրորդ երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ:
Կոժոշևը վստահություն է հայտնել, որ համաժողովը լավ հարթակ կծառայի հնարավորությունների քննարկման և դրանց օգտագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման համար: ԵՏՀ նախարարը համաժողովի շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ, քննարկվել են տրանսպորտի ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: