Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել

Նորածին
Ծնունդներից 11-ը գրանցվել են Երևանում, 20–ը` մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված ընտանիքներում 31 երեխա է լույս աշխարհ եկել։ Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ծնունդներից 11-ը գրանցվել են Երևանում, 20–ը` մարզերում»,– ասաց նա։
Գեղարքունիքում 1 երեխա է ծնվել, Շիրակում` 2, Արարատում` 3, Լոռիում` 1, Կոտայքում` 4, Արմավիրում` 3, Տավուշում` 1, Սյունիքում`5։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։