Արցախից բռնի տեղահանված անձանցից ավելի քան 76 հազարը տեղավորվել են Հայաստանի մարզերում

Արցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածների շուրջ 58 000–ի տեղավորման ու կեցության հարցում աջակցել է պետությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 99.3 տոկոսն արդեն հաշվառվել է։Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Երևանում։ Որոշակի դեպքերում առաջնային կացարանում մնացածներն արդեն տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա 6 ամսում արդեն վարձակալած բնակարաններում շարունակեն ապրել»,– ասաց նա։
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ բռնի տեղահանված 76 692 մարդ տեղավորվել է տարբեր մարզերում։ Մասնավորապես` Արագածոտնի մարզում 4109 անձ է տեղավորվել, Արարատում` 18 367, Արմավիրում` 8144, Գեղարքունիքում` 4895, Լոռիում` 4541, Կոտայքում` 22150, Շիրակում՝ 2168, Սյունիքում` 5438, Վայոց Ձորում` 2303, Տավուշում` 3189։
«ԼՂ–ից բռնի տեղահանվածների շուրջ 58 000–ի տեղավորման ու կեցության հարցում պետությունն արդեն աջակցել է»,– ասաց նա։
Նա հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանված անձանց 50 տոկոսն արդեն ստացել է պետության տրամադրած 100 000 դրամ միանվագ օգնությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։