ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն դատապարտում է «Համասի»հարձակումները Իսրայելի վրա։ Այս հայտարարությունն արել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Հայտարարության տեքստը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ-ն դատապարտում է «Համասի» ահաբեկիչների սարսափելի հարձակումները, այդ թվում՝ խաղաղ բնակիչների և քաղաքացիական համայնքների վրա։ Ահաբեկչությունը երբեք չի կարող արդարացում ունենալ», - նշված է Բլինկենի հայտարարությունում։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն սերտ կապի մեջ է Իսրայելի հետ և աջակցում է նրա պաշտպանվելու իրավունքին:
Այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։ Նա հրահանգել է պահեստազորայինների զորահավաք իրականացնել: