ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իսպանիա կատարած այցն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հայաստան վերադառնալուց առաջ նա դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ պաշտոնական ընթրիքի է մասնակցել, որը կայացել է Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում։
Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը և Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։
Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ հնգակողմ հանդիպումը չի կայանա, բայց իր գլխավորած պատվիրակությունն այնուամենայնիվ կմեկնի Իսպանիա։
ՀՀ վարչապետն Իսպանիա մեկնեց հոկտեմբերի 4-ին, որտեղ երեկ կայացավ Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդների հանդիպումը առանց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։
Քառակողմ հանդիպումն ավարտվեց համատեղ հայտարարությամբ, որում նշվում էր` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։