Փաշինյանի հետ քննարկվել են 4 ոլորտի ներդրումային ծրագրերի վերջնական տարբերակները

ՀՀ վարչապետը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել 4 հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի 4-րդ նիստը:
«Ներկայացված նախագծերը վերաբերել են փրկարար ծառայության հրշեջ–փրկարարական գույքի բարելավմանը, սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի ազգային դիտացանցի արդիականացմանը, ՀՀ–ում 10 բուժհաստատություն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցմանը, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցմանն ու հետագա շահագործմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այս հաշվետվությունների հիման վրա նախագծերը հաստատվել են նիստի ընթացքում:
Նշվում է, որ քննարկվել են նաև նախագծեր, որոնք վերաբերել են Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանը, կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքին:
Փաշինյանը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը:
2023 թ. առաջին եռամսյակում ԵԱՏՄ–ում փոխադարձ ներդրումներն աճել են ՀՀ–ում և Ղազախստանում