Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանի պատգամավորների առջև

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի խոսքով` Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողություններից հետո Ադրբեջանն անհուսալի գործընկեր է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։ Այդ մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես հրավիրել եմ Փաշինյանին ելույթ ունենալ Ստրասբուրգի լիագումար նիստում, նա դա կանի հոկտեմբերի 18-ին»,- ասել է Մեցոլան։
Հոկտեմբերի 5–ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպում են ունեցել Փաշինյանի հետ։ Հանդիպմանը նախատեսվում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը, սակայն նախորդ օրը նա հայտարարել էր Գրանդա գնալուց հրաժարվելու մասին։
Բանակցություններից հետո Միշելը հայտարարեց, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ հանդիպման կհրավիրի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։
ԵԽԽՎ–ն հոկտեմբերի 10–ին կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակի հարցը
Այսօր արդեն Միշելն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հոկտեմբերի վերջին մեկնել Բրյուսել։
Պատասխանելով Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին՝ Մեցոլան ասել է, որ Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողություններից հետո հանրապետությունն անհուսալի գործընկեր է:
«Մենք չենք կարող անցնել մի անվստահելի էներգետիկ գործընկերոջից մյուսը: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա:
Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրամիությունը դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման պատճառով, քանի որ կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումից։
Ինչպես նշում է պարբերականը, թեև եվրոպացի քաղաքական գործիչները հաճախ պատրաստ են իրենց հայտարարություններում Հայաստանի կողմն ընդունել, Ադրբեջանի ազդեցությունը համայնքի վրա շատ ավելի ուժեղ է, քանի որ Բրյուսելը Կասպից գազը դիտարկում է որպես ռուսական գազի այլընտրանք։
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ
Թերթի տվյալներով՝ 2022 թվականին Եվրամիությունը Ադրիատիկ գազատարով ներմուծել է ադրբեջանական գազի ընդհանուր ծավալի մոտ 3,4%-ը։ Բաքուն ապագայում կարող է ավելի կարևոր դեր խաղալ համայնքի էներգետիկ ռազմավարության մեջ՝ Թուրքմենստանին մոտ լինելու պատճառով, որը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում։
Եվրոպական և ամերիկյան ընկերությունները, ըստ Politico-ի, բանակցություններ են վարում Ադրբեջանի տարածքով գազի տարանցման ենթակառուցվածքներ կառուցելու շուրջ։