ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան Բաքվի և Երևանի հետ չի քննարկում ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրսբերումը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական իրազեկ աղբյուրը:
«Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է ԼՂ–ից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը, իրականությանը չեն համապատասխանում»,– ասել է նա` ավելացնելով, որ խոսքը ռուսական խաղաղապահ զորակազմի ընթացիկ գործունեության հարցերով պլանային շփումների մասին է:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, սակայն իրադարձությունները զարգացան այլ կերպ. 2023–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը Լաչինի միջանցքի 9–ամսյա արգելափակումից հետո նոր ռազմական ագրեսիա ձեռնարկեց` այն ներկահայցնելով իբրև «հակաահաբեկչական գործողություն»։ Մեկ օրում ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցել է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։ Արցախը հայաթափվել է։