Մոսկվան կվերլուծի Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը․ ՌԴ ԱԳՆ

Սերգեյ Վերշինին
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ ՄԱԿ-ի առաքելությունը վերջին տասնյակ տարիների ընթացքում առաջին անգամ է Լեռնային Ղարաբաղ այցելել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է վերլուծել Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության աշխատանքը։ Տեղեկությումըճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում կայացած ասուլիսի ժամանակ։
«ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը, ըստ էության, արել է այն, ինչ հնարավոր է տվյալ իրավիճակում, իսկ դա բնակիչների հարցումն է և այն, թե ինչքանով է տեղի ունեցածն ազդել ենթակառուցվածքների, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտների վրա։ Առայժմ այն, ինչ ստացվել է, վկայում է այն մասին, որ լուրջ ավերածություններ չկան, որ չեն վնասվել պաշտամունքային կառույցները և այլն», - ասել է Վերշինինը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի առաքելությունը վերջին տասնյակ տարիների ընթացքում առաջին անգամ է Լեռնային Ղարաբաղ այցելել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանը մերժել էր ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այցելել Լեռնային Ղարաբաղ՝ փաստեր հավաքելու նպատակով: Դրանից հետո Բաքվից այնտեղ էին մեկնել կազմակերպության մի խումբ ներկայացուցիչներ (Թուրքիայից, Պակիստանից և այլ երկրներից)։ Եզրակացության մեջ առաքելությունը նշել էր, որ չի հայտնաբերել քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ, ինչպես նաև արձանագրել է «50-1000 հայերի» ներկայությունը: