ԼՂ–ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 3 պացիենտ տեղափոխվել է Բուլղարիա

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները ևս պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 3 պացիենտ այսօր տեղափոխվել է Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից տարհանված 4 ծանր վիրավոր բուժման նպատակով տեղափոխվել է Ֆրանսիա։
Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են Ֆրանսիայից ու Բուլղարիայիցժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ:
Նշվում է, որ հայ մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո պացիենտների վիճակը փոքր–ինչ կայունացել է, և այժմ նրանք պատրաստ են տեղափոխման:
Նախարարությունից նշում են, որ պացիենտներն ունեն երկարատև և համալիր բուժման կարիք։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները ևս պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։
Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում,-խմբ.):