ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից 309–ը դեռ հիվանդանոցում են. 11–ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հիվանդանոց
Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի բժշկական հաստատություններում այս պահին բուժում է ատանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 309 քաղաքացի։ Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա տեղեկացրեց, որ 116-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
«Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա։ 3 երեխա, առողջական բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել են ստացիոնար բուժման։ Նախօրեին մեկ նորածին դուրս է գրվել»,– ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։