ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով կարող է մասնակցել հոկտեմբերի 13–ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա–1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
«Ես չգիտեմ՝ Փաշինյանը կգա այնտեղ, թե ոչ։ Իմ կարծիքով` տեղեկություններ կան, որ նա մասնակցելու է տեսակոնֆերանսի միջոցով»,– ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում։
Ղրղզստանի մայրաքաղաքում խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 13–ին: Մինչ այդ տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:
Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ ակնկալում է Բիշքեկում կայանալիք նիստին ԱՊՀ բոլոր անդամ պետությունների ղեկավարների մասնակցությունը:
Հիշեցնենք` ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին հանձնարարել են մշակել Պետերբուրգյան հռչակագրի նախագիծը՝ հոկտեմբերի 26-27–ը Բիշքեկ քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում դրա վերջնական տարբերակի քննարկման նպատակով։