Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԿԽՄԿ–ն Արցախում շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը

Կոմիտեից տեղեկացնում են, որ այցելություններին մասնակցում են նաև իրենց բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անձնակազմը շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։ Այդ մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։
«Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին»,– նշում են ԿԽՄԿ–ից:
Կոմիտեից տեղեկացնում են, որ այցելություններին մասնակցում են նաև իրենց բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։