ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Մոսէսքո» ՍՊԸ–ի տնօրենը, զորամասի հրամանատարը ևս 3 անձ կալանավորվել են` ՀՀ պաշտպանության նախարարությունից մեկ տարվա ընթացքում` 2017 թ–ին, շուրջ 60 մլն դրամ հափշտակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Կոմիտեն տվյալներ է ստացել այն մասին, որ Ռ.Բ–ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել «Մոսէսքո» ՍՊԸ–ի տնօրեն Կ. Գ.–ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն դրամի հափշտակությանը:
«Նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռքբերման համար 2017 թ. իրականացված մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊԸ–ն, որը պետք է մատակարարեր 240.000 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ, սակայն պարզվել է, որ նշված քանակից 154.980 կգ–ն իրականում չի ներմուծել և չի մատակարարել ՊՆ–ին»,– նշված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ի դեպ, «Մոսէսքո» ՍՊԸ–ն իր մատակարարման համար ՀՀ ՊՆ–ից պահանջել է ավելի քան 94 մլն դրամ (1կգ–ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ):
Այս գործարքին նպաստել են նաև ՀՀ ՊՆ համապատասխան հանձնաժողովի ևս վեց անդամ, որոնք կազմել և ստորագրել են կեղծ փաստաթուղթ հանդիսացող ակտ, համաձայն որի «Մոսէսքո» ՍՊԸ–ից իբր մատակարարված 52.920 կգ հակասառիչ նյութն ընդունվել է:
Զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել:
Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Արդյունքում զորամասի հրամանատարը, «Մոսէսքո» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Գ.–ն և ՊՆ հանձնաժողովի 6 անդամներից երեքը կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է: