Իրանն ու Ադրբեջանը կամուրջներ կկառուցեն Արաքս գետի վրա. հիմնարկեք է եղել

Արաքս գետը Արցախի, Իրանի ու Ադրբեջանի սահմանին. Արխիվային լուսանկար
Թեհրանն ու Բաքուն մտադիր են կարգավորել տարանցիկ փոխադրումները և այդ նպատակով ենթակառուցվածքների նոր օբյեկտներ են կառուցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իրանն ու Ադրբեջանը մտադիր են Արաքս գետի վրա կամուրջներ կառուցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօր Զանգելանում (Կովսական) տեղի է ունեցել ավտոմոբիլային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքների հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը մասնակցել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները Բազրպաշին և Մուստաֆաևին տեղեկացրել են գետի հունը մաքրելու, ինչպես նաև ևս մեկ կամուրջ կառուցելու ծրագրերի մասին, որը կմիացնի իրանական տարածքը Նախիջևանին:
Կողմերը նշել են, որ ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն տարանցիկ փոխադրումների ավելացմանը։