ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Ժնևում հանդիպել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Վահե Գևորգյանը բարձր հանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության հարցերը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։