ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի (EPC) բարձր մակարդակի հանդիպումն անցել է առանց տեսանելի արդյունքների ՝ չնայած գագաթնաժողովին ընդառաջ մեծ սպասելիքներին: Այս մասին գրում Է Politico թերթը։
«Գագաթնաժողովը, որին մասնակցում էին մոտ 50 եվրոպացի առաջնորդներ, տասնյակ օգնականներ և լրագրողների լեգիոններ, ձախողվել է, երբ հավաքվածներին չի հաջողվել էական առաջընթացի հասնել Եվրոպայի շեմին տեղի ունեցող հակամարտությունների կամ որևէ այլ տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում»,- նշում է հրատարակությունը:
Ինչպես նշում է Politico-ն, գրեթե 700 լրագրողներ ապարդյուն հավաքվել էին իսպանական քաղաքում՝ սպասելով պայմանավորվածությունների ձեռքբերմանը՝ լուծելու ընթացիկ այնպիսի խնդիրները, ինչպիսիք են հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, տարաձայնությունները Բալկաններում և եվրոպական անվտանգության համակարգի թերությունները, կարծում է պարբերականը։
Այդ հարցերում հնարավոր չի եղել առաջընթաց գրանցել հանդիպմանը «առանցքային խաղացողների», մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի բացակայության պատճառով, գրում է Politico-ն։
Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչները, հստակ չեն նշել, թե ինչու է չեղարկվել ամփոփիչ ասուլիսը։ Եվրոպացի դիվանագետներից մեկը, որի անունը չի նշվում, հրապարակմանը ասել է, որ մամուլի համար հայտարարություններ անելու կարիք չկա, քանի որ գագաթնաժողովում «բեկումնային որոշումներ» չեն եղել։
«Սա մինի-ՄԱԿ է, սա շուկա է, որտեղ առաջնորդները կարող են սակարկել»,–- նշել է հրատարակության զրուցակիցը։
Նշվում է, որ նույնիսկ արևմտյան խոշորագույն տերությունների՝ Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները, որոնք նախաձեռնել էին եվրոպական քաղաքական համայնքի (EPC) ստեղծումը, լրագրողներին ասելիք չունեին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արձանագրած սակավաթիվ հաջողությունները կիբեռհանցագործության դեմ պայքարի համաձայնագրերն էին և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները, որոնք, սակայն, առանձնապես արդյունք չտվեցին։