ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ավտովթարի մասին ահազանգը Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնումստացվել է այսօր` ժամը 19:45–ին:
«Պարզվել է, որ Գյումրի–Մարմաշեն ավտոճանապարհի 3–րդ կմ–ին բախվել են «Opel» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի 42–ամյա վարորդ Ա․Ս.–ն արգելափակվել է ավտոմեքենայում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Kia»–ի 22–ամյա վարորդ Մ․ Փ․–ն տեղափոխվել է բժշակական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel»–ի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։