ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ մարդասիրական աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը և միջազգային միջամտություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կոչ է արել ավելացնել միջազգային աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100 000 ԼՂհայերին:
«Մարդասիրական կարիքները պետք է մնան գերխնդիր, և միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն ներգրավվի ՀՀ–ին օգնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1–ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության հետագա ներգրավվածությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելուն:
ԵԱՀԿ գործող նախագահի համոզմամբ` անկախ միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ԼՂ–ում վստահություն կհաղորդի այն հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ:
«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն հենց այս երկրի պատասխանատվությունն է: Վեճերի կարգավորման համար դիվանագիտական բանակցությունների փոխարեն ուժի կիրառումը միշտ անընդունելի է և խոչընդոտում է արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու հեռանկարներին»,– նշել է Բույար Օսմանին:
ԵԱՀԿ–ն հայտարարության վերջում նշում է, որ իր մանդատի շրջանակներում պատրաստ է ներդրում ունենալու՝ տարածաշրջանում արդար, տևական, արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։