Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախից բռնի տեղահանվածներին Սանոսյանը հորդորել է տներ գտնել և դուրս գալ հյուրանոցներից

ՀՀ ՏԿԵ նախարարը հավաստիացրել է, որ արվում է առավելագույնը նրանց առաջնային կարիքները հնարավորինս արագ գնահատելու և արագ լուծելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հյուրանոցներում տեղավորված քաղաքացիները պետք է գտնեն բնակարաններ, տներ և տեղափոխվեն, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր քաղաքացուտրվող 40+10 հազար դրամ աջակցությունից (որը տրամադրվում է բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար)։ Արցախից բռնի տեղահանվածներին այս մասին հորդորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանը` Լոռու մարզպետի, համայնքապետի ուղեկցությամբ շրջայց կատարելով Վանաձորում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարը ծանոթացել է հյուրանոցներում, բնակարաններում, կեցության համար հարմարեցված այլ վայրերի պայմաններին, լսել բռնի տեղահանված քաղաքացիների կարիքները, պատասխանել է նրանց հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Սանոսյանը հավաստիացրել է, որ արվում է առավելագույնը նրանց առաջնային կարիքները հնարավորինս արագ գնահատելու և արագ լուծելու համար։
Գնել Սանոսյանը Վանաձորում` բռնի տեղահանված արցախցու հետ
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։