Անվճարի մասին խոսք չի եղել. ՌԴ–ն ՀՀ–ին բենզին և դիզվառելիք է մատակարարում համաձայնագրով

ՏԿԵՆ–ից նաև պարզաբանել են, որ բենզինի ամեն տարվա քվոտաների հարցը կարգավորվում է 2013 թ. կողմերի միջև կնքված համաձայնագրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Բենզինի և դիզվառելիքի մասով ՌԴ–ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրվող քվոտաները 2023 թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ–ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք: Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի պարզաբանում են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունից։
ՏԿԵՆ–ից նաև տեղեկացրել են, որ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ–ն ՀՀ–ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ` համաձայն 2013 թ. կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի:
Հայտնել ենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել, որ Ռուսաստանը սկսել է Հայաստանին անհրաժեշտ նավթամթերքի մատակարարումը՝ ի պատասխան ՀՀ իշխանության դիմումի (խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է)։
Դրանից հետո «Արմենպրես» լրատվական գործակալությունը հարցում է ուղղել ՀՀ ՏԿԵՆ–ին` խնդրելով մեկնաբանել` դիմե՞լ է արդյոք Երևանը Մոսկվային` անվճար բենզին և դիզելային վառելիք մատակարարելու խնդրանքով:
Նախարարության պատասխանն այսպիսին է եղել. «Երևանը երբեք Մոսկվային չի խնդրել անվճար դիզվառելիք կամ բենզին մատակարարել»։
Նկատենք, որ ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ «անվճար» բառը չի եղել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը ս.թ. սեպտեմբերի 21-ից արգելել է բենզինի և դիզվառելիքի արտահանումը։ ԵԱՏՄ անդամ երկրների համար, սակայն նախատեսվել են բացառություններ, և միության անդամ երկրները, այդ թվում` Հայաստանը, նախկինի պես շարունակելու են ՌԴ–ից հեղուկ վառելիք ստանալ։