ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությունը Հայաստանում է. նրանց ընդունել է Արայիկ Հարությունյանը

ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակության անդամները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների գնահատման նպատակով այցելել են Հայաստան: Նրանց ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության կազմում են Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ռազմավարական հաղորդակցության, բարեփոխումների պլանի, ինչպես նաև արագ արձագանքման համար անհրաժեշտ կարիքների հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվել է հաղորդակցության համակարգի ինստիտուցիոնալացումը:
ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արագ արձագանքման ոլորտում:
Ավելի վաղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը հայտարարել էր, որ գործակալությունը Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ է տեղակայել՝ համակարգելու ԱՄՆ-ի մարդասիրական աջակցությունը: