Տեղահանված ու որբացած. ծնողների մահից հետո 4 անչափահասների ճակատագիրը դեռ անորոշ է

Սարգսյանների ընտանիքը
82–ամյա տատիկի խնամքին մնացած 4 անչափահաս երեխաների հորաքույրը պատրաստվում է երեքին տանել Աշխաբադ, սակայն փաստաթղթերի խնդիր կա. երեխաների ծննդյան վկայականները եղել են մոր պայուսակում ու վառվել պայթյունի ժամանակ։
Sputnik
Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից բռնի տեղահանումը Սարգսյանների ընտանիքի համար կրկնակի ողբերգություն դարձավ։ Հայաստան տեղափոխվելու և փրկվելու համար բենզին որոնելու դուրս եկած Սաշային և Լիանային իրենց 4 անչափահաս երեխաները վերջին անգամ ողջ տեսան սեպտեմբերի 25-ին` Ստեփանակերտի բենզինի պահեստի աղետալի պայթյունի օրը։ Այսօր երեխաները ծնողներին հողին հանձնեցին Մասիսի Մարմարաշեն համայնքում։ Հուղարկավորությունից հետո Sputnik Արմենիան զրուցել է Սաշայի քրոջ` Սիլվա Սարգսյանի հետ։

Բազմապատկված դժբախտություն

Սահմանամերձ Մյուրիշենից գիշերը ժամը 4–ին թշնամու հրետանու «կարկուտի» տակ ողջ մնալով` ընտանիքը, ինչպես իրենց բախտակիցները, առանց որևէ իր վերցնելու, հասել է Ստեփանակերտ։
Տիկին Սիլվան պատմում է. «Ասեցի` լավ է, եղբայրս էս անգամ էլ ողջ մնաց, ուրախացա։ Դրանից հետո 3 օր մնացել են Ստեփանակերտի նկուղներում։ 4–րդ օրը իմացել են` վառելիք են տալիս, մարդ ու կին գնացել են վերցնելու, ու տեղի է ունեցել այդ դժբախտությունը»։
Լիանան մահացել է պայթյունի հաջորդ օրը, իսկ Սաշային ուղղաթիռով տեղափոխել են Սիսիան, բայց նա հենց օդանավակայանում է մահացել։
Այդ ժամանակ տիկին Սիլվան Աշխաբադից Հայաստան էր գալիս, որպեսզի իր ծեր մորը տանի խնամելու, մինչև եղբոր ընտանիքը տեղավորվի, աշխատանք գտնի Հայաստանում։
«Մեկուկես օր ճանապարհ գալուց հետո Ագարակում իմացա, որ հարսս մահացել է, սկզբում չէին ասում, որ եղբայրս էլ է մահացել։ Ասում էին` Գորիսի հիվանդանոցում է։ Սակայն ես Գորիսի դիահերձարանից եղբորս իմ ձեռքերով եմ բերել Մասիս։ Իսկ Լիանայի մարմինը դիահերձարաններից գտել ենք երկու օր առաջ»,– հուզվում է տիկին Սիլվան։
«Բալաս փրկվել, մամային էր հասել...»․ պայթյունի դժբախտացրած ընտանիքներից 2–ի պատմությունը

Որբացած ճակատագրեր

Դատարկվող Ստեփանակերտում անասելի ցավի մեջ և անչափահաս 4 երեխաների հետ մնացած տատիկին` 82–ամյա Սվետային, հաջողվել է երեխաների հետ Հայաստան տեղափոխվել ծանոթներից մեկի մեքենայով։ Այստեղ էլ նրանք կացարան են գտել Մասիսում` իրենց ծանոթի տանը։
Երեխաները 11, 13,15 և 16 տարեկան են։ Բռնի տեղահանումից, ծնողների կորստից հետո երեխաները հոգեբանական օգնության կարիք ունեն։ Մեծ աղջիկը, տիկին Սիլվայի խոսքով, չկարողանալով արտահայտել հույզերը` անընդհատ ուշագնաց է լինում։ Այդ պատճառով դեռ անելիքների մասին շատ չեն մտածել, սպասում էին` հուղարկավորությունը տեղի ունենար, որ հասկանային` հետո ինչ են անելու, բայց Սաշայի քույրը վստահեցնում է` երեխաներին բախտի քմահաճույքին չի թողնի։
«Ես հո չե՞մ մեռել, որ մանկատուն տան։ Մայրս մեծ կին է, չի կարող 82 տարեկանում այդքան երեխաների խնամել։ Ես պետք է նրանց կողքին լինեմ, որովհետև նրանց հոգեկան ներաշխարհը խառնված է, վատ վիճակում են։ Չեմ թողնելու` մնան այստեղ»։
Սիլվան պատրաստվում է եղբոր 4 անչափահաս երեխաներից երեքին իր հետ տանել Աշխաբադ, իսկ մեծ աղջիկը ցանկանում է մնալ Հայաստանում և հոր երազանքը կատարել` կրթություն ստանալ, որը կիսատ մնաց Արցախում։ Նա էլ այդ ընթացքում, Սիլվայի խոսքով, կապրի կնքահոր տանը։
Ստեփանակերտում պայթյունի զոհ դարձած Սաշան և Լիանան
Ամեն բան արեցինք, որ Արցախը հայկական մնա, բայց մեզ բոլորը մենակ թողեցին. բռնի տեղահանված
Սակայն տեղափոխությունն էլ հեշտ չէ, դժվարություններ տեսած ընտանիքը հիմա էլ բախվել է փաստաթղթեր չունենալու խնդրին։ Երեխաների ծննդյան վկայականները եղել են մոր` Լիանայի պայուսակում ու վառվել պայթյունի ժամանակ։ Բացի այդ, լրացել է տիկին Սվետայի անձնագրի ժամկետը։ Սիլվայի խոսքով` փաստաթղթերը վերականգնելու հարցում օգնում է Մասիսում իրենց հյուրընկալած ընտանիքը, այս ընթացքում պետությունից որևէ ուշադրություն կամ օգնություն չեն տեսել։ Միայն բազմաթիվ բարերարներ սոցցանցերով տեսնելով դժբախտացած երեխաների` ծեր կնոջ խնամակալության հույսին մնացած լինելու մասին գրառումները` անհատների միջոցով գումարներ են փոխանցել ընտանիքին։
Խոսակցություններ են լսել նաև, որ ընտանիքի համար պատրաստվում են տուն կառուցել։.
«Եթե տունը կկառուցեն, ես էլ երեխաների հետ կգամ ապրելու։ Կարևորը` երկրում խաղաղություն լինի։ էս ամեն ինչը կանցնի, կհաղթահարենք։ Ցավոք, անհնար է մահացածին հետ բերել»,– ասում է որբացած երեխաների հորաքույրը։
Նշենք, որ սոցցանցերի հրապարակումներում նշվում է 5 երեխաների մասին։ Սաշան առաջին կնոջից ևս մեկ աղջիկ ունի։ Նա չափահաս է և առանձին է ապրում Հայաստանում։
Հիմա քաղցր կա, տուն չկա․ արցախցի երեխաները Գորիսում