ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ առաջնորդները պետք է մտածեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի մասին, երբ համոզում էին ՀՀ վարչապետին Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել։ Այս մասին «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պարոն Միշելն ու նրա գործընկերները պետք է այն ժամանակ մտածեին, երբ համոզում էին պարոն Փաշինյանին... Հավանաբար, չգիտեմ, պետք է նրանց հարցնել... Ետնաբեմում համոզում էին ՀՀ վարչապետին նման քայլի գնալ, պետք է մտածեին Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին, պետք է գրեին, ինչ է նրանց սպասում այս իրավիճակում», – նշել է նա։
Նա կարծում է, որ պետք է ինտեգրման ինչ–որ կարգ սահմանեին, նրանց անվտանգության ապահովման և իրավունքների պահպանման հետ կապված որևէ կարգ։ Բայց Պրահայի հռչակագրում նման բան չկա, կա միայն հայտարարություն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։
ՌԴ նախագահը հավելել է նաև, որ ԼՂ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը, անխուսափելի էին Ադրբեջանի կազմում Ղարաբաղը Հայաստանի կողմից ճանաչելուց հետո։ Նա նշել է, որ դա զուտ ժամանակի հարց էր, թե երբ և ինչպես Ադրբեջանն «այնտեղ սահմանադրական կարգ կսկսեր հաստատել»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: