ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գրանադայում կարճ հանդիպել են առաջին անգամ, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Զելենսկին։
«Մեր առաջին հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես մեր ուշադրությունը կենտրոնացրինք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և իր ժողովուրդների հետ բարեկամական հարաբերություններով»,– գրել է Ուկրաինայի նախագահը։
Նա տեղեկացրել է, որ քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը։
Նշենք, որ նախօրեին Զելենսկին հեռախոսով խոսել է Ալիևի հետ։ Ուկրաինայի նախագահը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրենց ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության համար։ Զելենսկին վերահաստատել է իրենց հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին։
Հիշեցնենք` այսօր Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։
Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ հնգակողմ հանդիպումը չի կայանա, բայց իր գլխավորած պատվիրակությունն այնուամենայնիվ կմեկնի Իսպանիա։