Միրզոյանը Բորելի հետ քննարկել է արցախահայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի ամբողջ ժողովրդի հայրենի բնօրրանից զրկելու փաստը պետք է արժանանա միջազգային հստակ արձագանքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Գրանադայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ վերջինիս քաղաքական և հումանիտար բաղադրիչները։
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի ամբողջ ժողովրդի հայրենի բնօրրանից զրկելու փաստը և շարունակաբար ուժի կիրառման դիմելու գործելաոճը պետք է աներկաբորեն արժանանա միջազգային հստակ արձագանքի։
«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրադրությանը՝ վերահաստատելով Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ գագաթնաժողովը։ Միջոցառման շրջանակում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսված էր, որ գագաթնաժողովի շրջանակում պետք է տեղի ունենար վերը նշված անձանց և Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը, սակայն վերջինս հրաժարվել էր մեկնել Իսպանիա, պատճառն էլ Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է։
Նշենք նաև, որ Գրանադայում Փաշինյանը վերահաստատեց` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ Փաշինյանի, Շառլ Միշելի, Մակրոնի և Շոլցի համատեղ հայտարարության` կողմերը «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։