ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները քաղաքական ենթատեքստ չունեն, և կոնյակ արտադրողները հույս ունեն, որ պետությունն իրենց կաջակցի կրած ահռելի վնասները կարգավորելու հարցում։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց Հայկական կոնյակ արտադրողների համակարգող Մարինա Առաքելյանը։
Առաքելյանը վստահ է, որ հայկական կոնյակի հետ կապված խնդիրը պետք է լուծվի բարձր մակարդակում։
Նրա խոսքով` կոնյակ տեղափոխող բոլոր բեռնատարները Լարսում կանգնեցնում են, արտադրանքից լաբորատոր փորձաքննության ուղարկում, որը 28-60 օր է տևում։ Որևէ արտադրող երաշխիք չունի` իր արտադրանքը փորձաքննությունը կանցնի՞, թույլ կտա՞ն Ռուսաստան հասնել, թե՞ ոչ, արդյունքում բոլոր արտադրողներն այս օրերին հսկայական վնասներ են կրում։ Առաքելյանի խոսքով` միջինում մեկ արտադրողը Լարսում ստուգումների 10 օրվա ընթացքում կորցրել է մոտ 2 հազար դոլար։
«Մենք այսօր արտահանման մեծ խնդրի առաջ ենք կանգնած, այս մասին նախազգուշացում եղել էր Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության (Ռոսալկոհոլկարգավորում) կողմից, որ խստացումներ են լինելու որակի, սերտիֆիկացման հարցում, բայց մենք` արտադրողներս, մի տեսակ մատների արանքով նայեցինք»,– նշեց Առաքելյանը։
Այսօր արդեն արտադրողները լրջագույն խնդրի առաջ են կանգնել, տուժում են բոլորը` տարբեր ծավալով։ Խոշոր արտադրողները որոշակիորեն կարողանում են հարցը կարգավորել, քանի որ իրենց արտադրանքի սպառման առումով թե՛ հայկական շուկան է զարգացած, թե՛ արտահանման այլ ուղղություններ էլ կան, սակայն հայկական կոնյակի արտահանման մոտավորապես 95 տոկոսը հենց Ռուսաստանին է բաժին ընկնում, որտեղ հայկական կոնյակը ճանաչում ու խմում են 1902 թվականից սկսած։
Առաքելյանի խոսքով` հիմա ակտիվ քննարկումներ են իրականացնում ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսերի նախարարությունների հետ` փորձելով գտնել ստեղծված իրավիճակի լուծումը։
Մարինա Առաքելյանը նաև առաջարկում է, որ կոնյակ արտադրողները միասնական նամակ գրեն «Ռոսալկոհոլկարգավորում», խնդրեն մեկնաբանել, թե ինչ խնդիրներ են հայտնաբերվել արտադրողների մոտ, որ հասկանան` իրենք ինչ պետք է կարգավորեն, որ սահմանափակումների տակ չհայտվեն։
Հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Աննա Բեկլյարովան ասաց` այս խնդիրը հին է, ինչպես աշխարհը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ արտահանման որևէ դիվերսիֆիկացիա չի եղել, հայկական կողմն ամբողջությամբ ռուսական շուկայից է կախված։
«Երբ ասում ենք, որ քաղաքականությունն այստեղ կապ չունի, դա մի փոքր սխալ է։ Ես ասոցիացիայի անունից ասում եմ, որ մենք կոմպետենտ չենք քաղաքականությունը որպես այդպիսին մեկնաբանելու`ընդհանուր առմամբ»,– ասաց Բեկլյարովան։
Նրա խոսքով` կարևոր է, որ հայկական կողմը ճիշտ որոշումներ կայացնի հիմա, որոնք թույլ կտան որոշ ժամանակ «ջրի երեսին» մնալ։