ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակին և կողմերին կոչ է անում շարժվել դեպի երկարատև խաղաղություն և անվտանգություն: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բաղչին` արձագանքելով Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները մեկնաբանելու խնդրանքին։
«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին։ Նաև կողմերին կոչ ենք անում երկխոսության և դիվանագիտության միջոցով առաջ շարժվել տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչը ներառում է բոլոր քաղաքացիական անձանց անվտանգությունն ու բարեկեցությունը», - ասել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։