ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է նոր ստանդարտների ներդրմամբ մինչև 2030 թվականը 30 տոկոսով նվազեցնել աղետներից տուժածների և զոհերի թիվը, պատճառված ուղղակի նյութատնտեսական վնասը` 50 տոկոսով։
ՀՀ–ում աղետների ռիսկերի կառավարման 2023–2030 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Հակոբյանը։
Նա նշեց, որ ՀՀ–ն աղետների տեսանկյունից երկրաշարժերի լուրջ հակվածություն ունի` հանրապետության տարածքի 100 տոկոսը հակված է ուժեղ երկրաշարժերի, 4.1 տոկոսը` սողանքների, 30 տոկոս` սելաֆների։
Փոխնախարարի խոսքով` հանրապետության ուրբանիզացիան 55-60 տոկոս է կազմում, որը բավականին բարձր մակարդակ է և նույնպես հանգեցնում է աղետների ռիսկի մեծացման։
2023–2030 թթ. ռազմավարության մեջ ամրագրվելու են հստակ ստանդարտներ, որոնք կկենտրոնացվեն ՆԳՆ–ում։
«Աղետների արձագանքման տեսանկյունից այժմ բավականին խճճված իրավիճակ ունենք։ Այդ պատճառով այս տարիներին կիրականացվեն աղետների ռիսկի ինդեքսավորում և մեթոդաբանություն, կունենանք էլեկտրոնային քարտեզներ, որի հիմքի վրա նաև ազգային գեոպորտալ` աղետների գնահատման տեսանկյունից տարածական տեղեկատվության թարմացման համար։ Բացի այդ, անվտանգության պահպանման իրազեկում կիրականացվի հատկապես հանրակրթական հաստատություններում»,– նշեց Հակոբյանը։
Ըստ նրա` որպես վերջնարդյունք ակնկալում են ունենալ ռեֆլեքսային մակարդակում աղետներին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի։
Նշենք, որ ՀՀ կառավարության նիստն այսօր վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ՀՀ պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնել է Գրանադա։