ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն դիմել է ՄԻԵԴ` պարտավորեցնելու Ադրբեջանին անհապաղ ազատել ԼՂ նախկին և ներկա ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«2023 թ. հոկտեմբերի 4–ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով` պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց»,– նշված է հաղորդագրության մեջ:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, նաև խնդրել է ՄԻԵԴ–ին` Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին ու տրամադրել ամբողջական տվյալները:
Հիշեցնենք` ադրբեջանկան կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։