«Հայերին ասում էինք` եկեք փոխզիջում գտնենք». Պուտինը` ԼՂ իրադարձությունների մասին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ժամանակին Հայաստանին հնարավորինս կշռադատված որոշում են առաջարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` կրկին հայտարարելով, որ ժամանակին հայկական կողմին փոխզիջումներ են առաջարկվել։ Նա այդ մասին ասել է «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը վերջին 15 տարիներին հայ ընկերներին առաջարկել է փոխզիջման գնալ՝ Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի հինգ շրջանները, երկուսը պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև: Բայց հայ գործընկերներն ասել են. «Ո՛չ, դա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»:
«Մենք մեր հերթին ասում էինք՝ լսեք, Ադրբեջանն աճում է, տնտեսությունը` զարգանում, դա նավթագազային երկիր է, այնտեղ 10 միլիոն բնակչություն կա։ Եկեք համեմատենք ներուժը: Քանի դեռ կա այդ հնարավորությունը, պետք է գտնել այդ փոխզիջումը։ Մենք մեր հերթին համապատասխան որոշումներ կկայացնենք Անվտանգության խորհրդում, կերաշխավորենք Լաչինի միջանցքի անվտանգությունը», - ասել է ՌԴ նախագահը։
Սակայն հայկական կողմը նախկինի պես մերժել է և խոսել պայքարելու մտադրության մասին։
ՌԴ նախագահը նշել է` 2020 թվականին գործն ի վերջո հասավ զինված բախումների։ Պուտինի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ինչ–որ պահի ադրբեջանական զորքերը կանգ կառնեն։
«Անկեղծ ասած, ես կարծում էի, որ հարցը լուծված է։ Զանգեցի Երևան, ինձ ասացին`թող ադրբեջանցիները հեռանան Ղարաբաղի այն փոքր տարածքից, որտեղ զորք են մտցրել»։ Ասացի` ի՞նչ կանեք։ Նույն բանն ասացին` կպայքարենք։ Ասացի` լսեք, նրանք մի քանի օրից դուրս կգան Աղդամի մոտ գտնվող ձեր դիրքերի թիկունք, և ամեն ինչ կավարտվի։ Նրանք ասացին, որ պայքարելու են»,– պատմեց նախագահը։
Ի վերջո, Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Շուշիի գիծ և բուն Շուշի գնալուց հետո մարտական գործողությունները կդադարեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։