ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց` լրատվամիջոցներից է տեղեկացել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում։
«Վալդայ» բանավեճի ակումբի նիստում Պուտինը հիշեցրեց, որ 2022 թվականի աշնանը Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԵԽ ղեկավարի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո ստորագրել են հայտարարություն, համաձայն որի Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ավելին, Հայաստանի ղեկավարներն ուղղակիորեն նշել են Ադրբեջանի տարածքը քառակուսի կիլոմետրերով, որի մեջ մտնում է նաև Ղարաբաղը։ Նրանք ընդգծել են, որ ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ շրջանակներում։
Այսինքն` ըստ էության լուծվեց գլխավոր առանցքային հարցը, որը Ղարաբաղի կարգավիճակն էր։
Նա ընդգծեց, որ երբ Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այն, նույնիսկ Հայաստանը, ինչը Ռուսաստանի ղեկավարի համար նույնիսկ մի փոքր տարօրինակ է: Չնայած այդ փաստին, Պրահայում Հայաստանն ընդունեց, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, 2023 թվականի սկզբին էլ նրանք կրկնեցին ճանաչման միտքը` Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։
«Ի դեպ, մեզ այդ մասին ոչ ոք ոչինչ չէր ասել։ Անձամբ ես այդ մասին իմացել եմ մամուլից»,– ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով` սահմանելով Ղարաբաղի կարգավիճակը որպես ադրբեջանական տարածք, Հայաստանը որակական փոփոխություն է կատարել իր դիրքորոշման մեջ։ Դրանից հետո հանդիպումներից մեկի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտեցել է Պուտինին ու ասել. «Տեսա՞ք, բոլորը ճանաչել են, Ղարաբաղը մերն է»։ Ալիևը նաև հայտարարել է, որ ռուս խաղաղապահները գտնվում են ադրբեջանական տարածքում։
Ըստ Պուտինի` ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխվել է այն բանից հետո, երբ ԼՂ–ն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ ՌԴ նախագահի խոսքով` այդ հանդիպմանն Ալիևն առաջարկել է խաղաղապահների հարցով պայմանավորվել երկկողմ հիմունքներով։ Իր հերթին, Հայաստանի վարչապետն էլ հաստատել է` ասելով, որ այժմ պետք է պայմանավորվել երկկողմ հիմունքներով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցեց Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: