Գրանադայում քննարկումները պետք է լինեին 3 սկզբունքների հիման վրա. պատգամավոր

Արթուր Հովհաննիսյան
Իշխանական պատգամավորը հուսով է, որ Գրանադայում եվրոպացի գործընկերների հետ հանդիպելով` նրանցից խաղաղության օրակարգի վերաբերյալ աջակցություն կստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Գրանադայում քննարկումները տեղի էին ունենալու երեք սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրվել է նաև Բրյուսելում։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Սկզբունքներից առաջինը փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչմանն է վերաբերում` համապատասխանաբար 29.800 և 86.600 քառակուսի կմ տարածքով, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` լիազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա, և երրորդ սկզբունքն այն էր, որ դեմարկացիան և դելիմիտացիան տեղի ունենան Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, պետք է որոշում կայացվի` որ քարտեզով»,–ասաց Հովհաննիսյանը։
Թեպետ Ադրբեջանը հրաժարվել է Գրանադայի հանդիպումից, սակայն հայկական կողմը պատրաստվում է հանդիպել եվրոպական քաղաքական ներկայացուցչության մի շարք անդամների հետ` ներկայացնելու ՀՀ մոտեցումները, սկզբունքները և հույս հայտնելով աջակցություն ստանալ եվրոպական գործընկերներից խաղաղության օրակարգի վերաբերյալ։
Լրագրողները հարցրին` արդյոք հնարավոր է Արևմուտքի փոխարեն Ալիևի հետ հաջորդ հանդիպումը լինի Մոսկվայում։
«Եկեք «փոխարեն» բառը չօգտագործենք։ ՀՀ–ն օգտագործում է բոլոր դիվանագիտական խողովակները, արդյունավետ հարթակները տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար»,–պատասխանեց պատգամավորը։
Հիշեցնենք` այսօր Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։
Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ հնգակողմ հանդիպումը չի կայանա, բայց իր գլխավորած պատվիրակությունն այնուամենայնիվ կմեկնի Իսպանիա։