ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար:
Եվրախորհրդարանի այսօրվա նիստում 473 կողմ, 46 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների մասին» ("On the situation in Nagorno-Karabakh after Azerbaijan"s attack and the continuing threats against Armenia") բանաձևը, որը նաև կոչ է արել հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի հանցագործությունները։
Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից բնակչության արտահոսքը կարելի է հավասարեցնել էթնիկ զտումների հետ, քանի որ Ադրբեջանի կողմից նրանք վտարվել են ուժի կիրառմամբ, իսկ մինչ այդ ահաբեկման միջոցներով` շրջափակմամբ, Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ (ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը)։ Նշվում է նաև, որ մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, ինչը հանգեցրել է հակամարտության հետագա սրմանը։
Նշվում է նաև, որ թեև նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Հայաստանը պետք է ապահովեր անվտանգ տեղաշարժ Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև, Ադրբեջանն ու Թուրքիան այս դեպքում օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։
Բանաձևով ԵՄ-ին և անդամ երկրներին կոչ է արվում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ միջազգային երաշխիքներ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար, որոնք ցանկանում են այնտեղ ապրել, ինչպես նաև երաշխավորել նրանց ունեցվածքի պահպանումը։
Բանաձևը պահանջում է նաև ավելացնել մարդասիրական օգնության ծավալը Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանվածներին։
Եվրահանձնաժողովի պատգամավորները կոչ են անում «անհապաղ փոխարինել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերը ՄԱԿ-ի զորակազմով»՝ այն տեղակայելով հայ-ադրբեջանական սահմանին։ Բացի այդ, Եվրախորհրդարանը պահանջում է, որ Ադրբեջանը դուրս բերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, ինչպես նաև դատապարտում է Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հայտարարությունները, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը (այդ թվում՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ):
Պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին «ձեռնպահ մնալ ցանկացած ռազմական արկածախնդրությունից» Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ։ Ավելին, բանաձևը Թուրքիային կոչ է անում «զսպել Ադրբեջանին նման անպատասխանատու գործողություններից»։ Նույն կոչն ուղղված է Ադրբեջանին աջակցություն ցուցաբերող այլ երկրներին։
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում առաջարկվում է ամբողջությամբ կասեցնել Ադրբեջանից նավթի և գազի ներմուծումը ԵՄ։ Բացի այդ, խորհրդարանականները կոչ են անում լրջորեն վերանայել Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերությունը» էներգետիկ ոլորտում և հետաքննել ռուսական գազի հնարավոր վերարտահանման հարցը Ադրբեջանի տարածքով դեպի ԵՄ։
Բացի այդ, բանաձևով Եվրախորհրդարանն առաջարկում է նաև պաշտպանական աջակցություն ՀՀ–ին, եթե երկիրը «վերանայի գոյություն ունեցող ռազմական դաշինքները»:
Նշենք, որ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։